f

Անկախ

Վերադարձը հայկական, ինքնիշխան Արցախ պետք է դառնա մեր ազգային նպատակը․ պատմաբան


«Ցանկացած հայ մարդ,  որ ուզում է հայրենիք ունենալ, պետք է իր ներդրումն ունենա հայրենիքի պաշտպանության ու պահպանության գործում։ Եթե շարունակենք կողքից նայել, տեղի կունենան գործընթացներ, որոնք մեզ դուր չեն գա և մեր շահերից չեն բխելու»,- «Անկախի» հետ զրույցում ասում է  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու  Իսկուհի Ավանեսյանը։ Նա վստահ է՝ պետք է ամեն ոք իր բաժին պայքարը մղի։ Իսկ թե ինչպիսին կլինի հավաքական պայքարը, պարզ կդառնա, երբ պայքարի դուրս գանք։ «90-ականներին որևէ անձի կամ քաղաքական ուժի շուրջ միավորում չկար։ Բոլորին միավորում էր գաղափարը։ Նույնը հիմա պետք է տեղի ունենա»,- ասում է Ավանեսյանը։  

«Եթե համարժեք աջակցություն ունենանք, մեր պատմաբանները պատրաստ են այս պատերազմին»

Իսկուհի Ավանեսյանը ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից  է։ Հիշում է՝ դպրոցական տարիներին շատ էր սիրում բնագիտական առարկաները։ Բայց և ցանկանում էր դպրոցից դուրս, լրացուցիչ զբաղմունք գտնել։ «Այն տարիներին արվեստի դպրոց կամ սպորտդպրոց չկար, արտադպրոցական  զբաղմունքի հնարավորություն չկար։ Երբ տեղեկացա, որ դպրոցականների երգչախումբ կա, որը Գանձասարում է երգում, ցանկացա ընդգրկվել, չնայած ձայնային տվյալներով չէի փայլում»,- պատմում է Ավանեսյանը՝ հավելելով, որ երգչախմբում ընդգրկվելը շրջադարձային է եղել իր մասնագիտական կողմնորոշմա և հետաքրքրությունների ձևավորման հարցում։ Երգչախմբում ընդգրկված լինելու 4 տարիների ընթացքում նա սկսել է ուսումնասիրել հայոց եկեղեցու պատմությունը, որը հայոց պատմության մի բաղադրիչն է, ապա աստիճանաբար հետաքրքրություն է առաջացել հայոց պատմության և հայագիտական ուղղությունների նկատմամբ։

«Մեր ներկան ու ապագան կառուցում ենք անցյալի վրա, դրա համար պետք է լավ տեղեկացված լինենք, թե որտեղից ենք գալիս, որպեսզի կողմնորոշվենք, թե ուր ենք գնում: Գրավիչ է պատմությունը, նաև արդիական մասնագիտություն է ներկա պայմաններում, երբ ականատես ենք մեր թշնամիների կողմից մեր պատմության կեղծմանը»,- ասում է Ավանեսյանը՝ հիմնավորելով իր մասնագիտական ընտրությունը։ 

ԱրՊՀ Հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինն ավարտելուց հետո նա  աշխատանքի է անցել  պետական համակարգում՝ ԱԺ-ում։ Աշխատելուն զուգահեռ ասպիրանտուրա ընդունվել և 2016-ին պաշտպանել  թեկնածուական ատենախոսությունը։  «12 տարի աշխատել եմ խորհրդարանում, տարբեր աշխատանքներ եմ կատարել, խորհրդարանը մեծ դպրոց էր․  աշխատում էի մարդկանց հետ, որոնք մեծ ճանապարհ էին անցել, ծառայություններ էին մատուցել հայրենիքին, ինձ համար պատիվ էր նրանց հետ աշխատելը։ Խորհրդարանում աշխատելու տարիներին հասկացա, որ մեր պատմության մեջ  կան էջեր, որոնք լավ ուսումնասիրված չեն,  և որպես պատմության մասնագետ իմ ներդրումը պետք է ունենամ այդ հարցում»,- ասում է նա:

Ավանեսյանի թեկնածուական ատենախոսության թեման է եղել «Կանանց մասնակցությունն Արցախյան գոյապայքարին  1988-1994թթ․»։ «Թեկնածուականիս համար ընտրել էի Արցախի նորագույն պատմության այն էջերից, որը լիարժեք չէր ուսումնասիրվել։   Շուրջ 20 հոդվածներով անդրադարձել եմ թեմային․  կարևոր է, որ գիտնականները խոսեն մեր պատմության այն  էջերի մասին, որոնց քիչ է անդրադարձ կատարվել»,- ասում է նա՝ հավելելով, որ այժմ էլ ուսումնասիրում և գիտական աշխարհին է ներկայացնում Ադրբեջանի հանցագործություններն Արցախում 2016-2023թթ․։ 

«Այս շրջանը դեռևս ուսումնասիրված չէ։ Հիմա փաստահավաք աշխատանք ենք իրականացնում, հոդվածներ հրատարակում: Սկզբունքային է դարձել այդ հոդվածները անգլալեզու ամսագրերում տպագրելը։ Ներկայում հայագիտական թեմաներով հոդվածներն   արտերկրում տպագրելու հնարավորությունները քիչ են, իսկ Արցախի թեմայով հոդվածի տպագրությունը մերժելու մի պատճառ կգտնեն,- ասում է նա։- Գլոբալիզացիայի պայմաններում ազգերի պատմությունը ոչ մեկին չի հետաքրքրում, աշխատում են անշառ թեմաներով հոդվածներ  ընդունել, մյուս կողմից թշնամին ամեն քայլ ձեռնարկում է, որ դժվարություններ առաջանան Արցախի թեմայով հոդվածներ միջազգային շտեմարաններում տպագրելիս»։ 

Ավանեսյանը շեշտում է՝ մեր թշնամիները պետական մակարդակով են հովանավորում պատմության կեղծարարությունը։  «Անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով տարածաշրջանի պատմության մասին ավելի շատ կեղծ աշխատանքներ կգտնեք գրախանութներում և գրադարաններում, քան մեր հայագետների կողմից ճշմարտությունը ներկայացնող աշխատություններ,- ասում է նա։ - Մենք ավելի շատ այդ հարցը թողել ենք մասնագետների խղճին, դա արվում է հաստատությունների պլանային աշխատանքի հաշվին, բայց ցանկալի է, որ պետական մակարդակով համակարգված աշխատանք տարվի։ Սա էլ պատմաբանների պատերազմն է, որն ընթացող պատերազմի մի մասն է,  եթե համարժեք աջակցություն ունենանք, մեր պատմաբանները պատրաստ են այս պատերազմին, մանավանդ որ փաստերը մեր կողմից են խոսում, մենք ունենք փաստեր, որոնք կարող ենք ներկայացնել, դա ավելի հեշտ է, քան փաստերը կեղծելը, նոր բան հորինելը»: 

Ավանեսյանը հույս է հայտնում, որ աստիճանաբար և այս հարցը կլուծվի, և առաջարկվող պայմանների շնորհիվ գիտությունն ավելի գրավիչ կդառնա երիտասարդների համար, քանի որ «ցանկացած պետություն զարգանում է` հիմնվելով գիտության վրա»: 

«Հայ մարդու առաքելություններից մեկն է, որ իր ներդրումն ունենա իր ժողովրդի ապագայի հարցում։ Պատմաբաններիս անելիքը մեր պատմության  խտացված փորձը սերունդներին փոխանցելն է, բայց ինչպես սերունդները դա կընդունեն ու կօգտագործեն, կառաջնորդվեն արդյոք դրանով, այլ հարց է»,- ասում է նա։

«Նպատակն էր Արցախում ապրելով ոչ միայն եղածը պահպանել,  այլև կորցրածը վերադարձնել»

Հարցին, թե որպես պատմաբան կանխատեսում էր, որ Արցախը մի օր կարող է հայաթափվել ու նման ճակատագրի արժանանալ, Ավանեսյանը պատասխանում է․ «Միշտ մտավախությունը կար, որ կարող է վատագույն սցենարը լինել, քանի որ բանակցային գործընթաց կար, և խնդիրը վերջնական լուծված չէր։ Բայց  2020-ին մենք պատերազմ ունեցանք և պարտություն կրեցինք, քանի որ մեր արտաքին քաղաքականության մեջ բանակցություններից հրաժարվեցինք և ամեն ինչ զրոյից սկսեցինք; Իսկ բանակցությունների բացակայությունը նշանակում է պատերազմ: Որպես մասնագետ հասկանում էի, որ այդ գործընթացները տանելու են  ավելի վատ վիճակի, քան կա»,- ասում է նա:

Ավանեսյանը վստահ է՝ հայկական բանակն ուժեղ էր, դրա ապացույցը 90-ականների և 2016-ի հաղթանակներն էին․  «Մեր բանակն իր տեղում էր, որքան էլ ասենք թշնամին թվաքանակով շատ էր,  շատ զենք ուներ, 90-ականներին էլ,  2016-ին էլ  նույնն էր՝ թշնամին շատ էր և թվաքանակով, և զենքով։ Բայց բանակցային գործընթացը ձախողելը, զրոյից սկսելը և դրան զուգահեռ պատերազմին չպատրաստվելը բնականաբար բերելու էր պարտության»։ 

Ավանեսյանը շեշտում է՝ 90-ականներին Արցախի ազատագրումը ողջ հայության հաղթանակն էր։ Եվ Արցախում համոզված էին, որ նոր պատերազմի դեպքում ողջ հայությունը նորից միասնաբար հանդես կգա։ Բայց 2023-ի սեպտեմբերին շրջափակման մեջ գտնվող և համալրման հնարավորությունից զրկված պաշտպանության բանակը միայնակ էր թշնամու դեմ և չէր կարող երկար դիմակայել։ 

«2020-ից հետո, երբ վերադարձանք Արցախ, կար հստակ նպատակ՝ ամեն ինչ անել, որ վերադարձնենք Շուշին, Հադրութը և մնացած տարածքները։ Նպատակն էր Արցախում ապրելով ոչ միայն եղածը պահպանել,  այլև կորցրածը վերադարձնել։ Այդ մասին հաճախ էինք քննարկումներ ունենում։ Բայց կար նաև մտավախություն, որ եթե ճիշտ չկազմակերպվի պայքարը, չդառնա ողջ հայ ժողովրդի պայքարը, Արցախը կարող է արժանանալ Նախիջևանի ճակատագրին,- ասում է նա։-  Հույս ունեինք, որ հայությունը կզգա Արցախի մնացած մասը կորցնելու վտանգը և կմիավորվի ազգային նպատակի շուրջ։ Բայց 2021-ի ընտրությունները ցույց տվեցին, որ մենք դասեր չքաղեցինք, ավելին, հայրենիքի պաշտպանությունը համարեցինք քաղաքականությամբ զբաղվել և որոշեցինք, որ քաղաքականությամբ չենք զբաղվում»։

Խոսելով շրջափակման մասին՝ ասում է․ «1989-92թթ․ բլոկադայի հետ էինք համեմատում։ Ասում էինք՝ եթե այն ժամանակ 4 տարի կարողացել են դիմանալ, մենք էլ կդիամանանք։ Հեռանալը լուծում չէր։ Դիմակայելն այլընտրանք չուներ։  Դժվարություններ կային, բայց ինքներս մեզ ուժ էինք տալիս, որ դա մի օր կավարտվի, երկար չի կարող շարունակվել, պետք է դիմանանք, որ ի օգուտ մեզ լուծվի հարցը։ Հայկական կողմից մենք տեսնում էինք հայտարարություններ արտաքին ասպարեզում, բայց դրանց գործնական քայլեր չէին հաջորդում։ Միջազգային կազմակերպությունների կողմից  էլ հայտարարություններ տեսանք, բայց հաջորդող գործնական քայլերը, որ սպասում էինք, չեղան»։  

Հիշելով թշնամու 2023թ․ սեպտեմբերի հարձակումն ու հայրենազրկումը՝ Ավանեսյանն ասում է, որ հարձակման մտավախություն ունեին, քանի որ Արցախի գրավված տարածքներում զորավարժություն էր իրականացնում թշնամին․ «Դուրս գալու որոշումը շատ ծանր էր, քանի որ դա ճիշտ չէր, բայց մնալ հնարավոր չէր, անգամ կյանքի երաշխիք չկար։ Այդ ծանր ապրումներով,  մեր կամքին հակառակ դուրս եկանք, բռնի տեղահանություն եղավ, դա շատ ծանր որոշում էր ամեն արցախցու համար»։ 

Վերադառնալու հնարավորթյան մասին հարցին նա պատասխանում է․ «Վերադարձը պետք է հավաքական լինի, ինչպես բռնի տեղահանումն է եղել»։ Նա համոզված է՝ վերադարձը հայկական, ինքնիշխան Արցախ պետք է դառնա մեր ազգային նպատակը, որի իրագործման համար պետք է բոլորով և համատեղ պայքարենք։ «Պետք է մեր զինված ուժերն ամրացնենք, պատրաստ լինենք պատերազմի, խաղաղության օրակարգով չխաբվենք, թե թուղթ ստորագրենք և պատերազմ չի լինի, Ադրբեջանը պետական մակարդակով պատրաստվում է լայնածավալ պատերազմի Հայաստանի դեմ, և մենք էլ պետք է համարժեք պատրաստություն տեսնենք»,- ասում է նա՝ ահազանգելով, որ քննարկվող խաղաղության օրակարգը բնավ հայության շահերից չի բխում։ 

Ավանեսյանը համոզված է՝ ներկայիս համատարած անտարբերության, թմբիրի նմանվող վիճակի պատճառն այն է, որ  ամեն ոք իր բաժին պատասխանատվությունը չկրեց։ 

«Մարդիկ ուզում են, որ իրենց հուզող խնդիրը լուծվի, բայց ոչ իրենց մասնակցությամբ և իրենց ձեռքով։ Բայց եթե խոսքը հայրենիքին է վերաբերում, ամեն մարդ իր մասնակցությունը պետք է ունենա։ Պետք է սթափ մտածենք։  Մեր պետության լինելիության հարցն է դրված»,- ասում է նա՝ մտավախություն հայտնելով, որ վատագույն դեպքում հայությունը կսթափվի, երբ թնդանոթների ձայնը Երևանի մատույցներ հասնի։ 

«Մենք գիտենք, թե ինչպես պետք է հաղթանակի հասնել, այդ փորձն ունենք, մնում է դա որպես նպատակ սահմանենք։ Բայց միայն ազատագրելը չէ, հաղթելուց հետո այդ հաղթանակը պետք է կարողանալ պահել, այդ առումով շատ անելիքներ ունենք»,- ասում է նա։
 

կորսված հայրենիք Կինը և գիտությունը խմբագրի ընտրանի Պատմության ինսստիտուտ Արցախ Ադրբեջան հայագիտություն

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին