f

Անկախ

‹‹Միշտ ասում էի՝ երջանիկ մայր եմ, որ Անդրանիկ ունեմ››․ Մարինե Խաչատրյան


Գյումրեցի Անդրանիկ Խաչատրյանը 2020 թվականի սեպտեմբերի 11-ին վերջին անգամ տեսազանգով խոսել է հարազատների հետ։ Եղբորն ասել է՝ մայրիկին լավ կնայես։ Մոր խոսքով՝ Անդրանիկն ասես հրաժեշտ էր տալիս։ Տղաները գիտեին պատերազմի մասին, միայն հստակ օրը չգիտեին։ Անդրանիկի վերջին մարտը եղել է Շուշիում։ Վիրավոր Անդրանիկին տեղափոխող շտապօգնության մեքենան հայտնվել է թշնամու հրետակոծության տակ, որի ժամանակ անմահացել է հերոսը։

Արցախի սիրով

Անդրանիկ Խաչատրյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Սկզբում մարտկոցի բաժնում է սովորել, հետո ուսումը շարունակել է մոտոհրաձգային բաժնում։ Անգլերեն լեզվին գերազանց տիրապետելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վերապատրաստվել է Անգլիայում։ Համալսարանում ուսումն ավարտելուց  հետո զինվորական ծառայության է անցել Նոյեմբերյանում՝ որպես սպա։

‹‹Ամիսը մեկ կամ երկու անգամ տուն էր գալիս։ 2018 թվականին ասաց՝ գրել եմ, որ գնամ Արցախ։ Վատ զգացի ինձ, խնդրեցի՝ չգնա, ասաց՝ էլ չի լինի, գրել եմ, պետք է գնամ։ Հադրութը գրավել էր իրեն, իր ցանկությամբ Հադրութ մեկնեց։ Ամիսը մեկ անգամ էր զանգում, երբ իջնում էր դիրքերից››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ Մարինե Խաչատրյանը։

2018 թվականին Անդրանիկը մեկնեց Արցախ, իսկ 2020 թվականին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։

‹‹Սեպետմբերի 27-ի առավոտյան մորաքրոջս աղջիկը զանգեց և ասաց‹‹ Մար, գիտե˚ս՝ ինչ է կատարվում, բացիր ֆեյսբուքն ու կտեսնես, որ պատերազմ է սկսվել››։ Մյուս որդիս՝ Արսենը, զարթնեց ու իմացավ դրա մասին։ Զանգեցինք Անդրանիկին անհասանելի էր։ Արսենը դուրս եկավ և միայն երեկոյան վերադարձավ։ Ասաց՝ ընկերոջ հետ դեղորայք է հավաքում՝ Արցախ ուղարկելու։ Անդոյին զանգել է, կրակոցի ձայներ լսել։ Հետո ասաց՝ պետք է Արցախ մեկնեմ՝ Անդրանիկի մոտ››,-ասում է տիկին Մարինեն։

Արսենը պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Թալիշում։ 2015 թվականին դիրքերում թշնամու դիվերսիայի հետևանքով վիրավորվել էր աջ թևից։ Նրան Երևան են տեղափոխել, հետո՝ զորացրել, հաշմանդամության կարգ տվել։

‹‹Ասացի՝ փշրված թևով ու˚ր ես գնում։ Մտածեցի՝ նրան չեն տանի։ Երեկոյան Արսենն  իր մեքենայով մեկնեց Արցախ։ Երբ Ստեփանակերտ հասավ, ժամը 01։00-ին ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ մամ, ես Ստեփանակերտում եմ, գնում եմ Անդրանիկի մոտ։ Մահացա ու հետ եկա››,-հուզված շարունակում է մայրը։

Արսենը դիրքից  դիրք է գնացել, երկու օր անց գտել է եղբորը։ Անդրանիկը խնդրել է եղբորը հսկել դիրքը, որպեսզի ինքը հանգստանար, քանի որ երկար ժամանակ չէր քնել։

‹‹Միշտ զանգում էին ուրախ, ծիծաղելով, որ չմտածեմ՝ պատերազմ է։ Ասացին՝ մենք շատ լավ ենք, մամ ջան, շուտով կիջնենք։ Ես էլ ասացի՝ Արսեն ջան, դու ոչ մի տեղ գրանցված չես, Աստված չանի՝ մի բան պատահի, ես ումի˚ց պետք է պահանջեմ։ Ասաց՝ մի մտածիր, կիջնենք դիրքերից, Անդոն մի բան կանի։ Այդպես խաբեց ինձ, 42 օր մնացին այնտեղ››,-ասում է տիկին Մարինեն։

Պատերազմի ժամանակ Անդրանիկի գերազանց հաշվարկներով հրետանին բազմիցս խոցել է թշնամու ռազմական տեխնիկան՝ նրան պատճառելով մեծ կորուստներ։ Հետո տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ Արսենը զանգել է մորաքրոջ որդուն և ասել, որ շրջափակման մեջ են, բոլոր կողմերից թշնամին հրետակոծում է, չգիտեն՝ իրենց համար վաղը լույսը կբացվի˚։

‹‹Առավոտյան լուրերով հաղորդեցին, որ երկու բարձրաստիճան սպա Ջրականում երկու հարյուր հոգու շրջափակումից դուրս են բերել։ Կարծում էի՝ տղաներն այնտեղ էին, ուրախացա, զանգեցի Արսենին, ասաց՝ լավ ենք, շղթայական շրջափակման մեջ էինք, մեզ դուրս բերեցին։ Մի օր էլ Արսենին ասացի, որ Անդոյի ձայնը չեմ լսել, ինչ-որ բա˚ն է պատահել։ Ասաց, որ ամբողջ ծանրությունն Անդրանիկի վրա է, անընդհատ պատերազմի մեջ է, հիմա հանգստանում է։ Հետո Անդրանիկը զանգեց ու ասաց՝ մամ ջան, ինչո˚ւ ես խառնվել, լավ եմ, մի մտածիր, քեզ լավ նայիր››,-ասում է մայրը։

Վերջին մարտը՝ Շուշիում

Հադրութը թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո տղաները Շուշի են տեղափոխվել։ Նոյեմբերի 3–ի առավոտյան տիկին Մարինեն Սուրբ Հովհաննես եկեղեցի է  գնացել։ Ճանապարհին որդիները զանգել են, մայրն էլ ասել է, որ նրանց համար մոմ է վառելու։ Վերջին անգամ Անդրանիկը մոր հետ խոսել է նոյեմբերի 6-ին։ Նոյեմբերի 7-ի երեկոյան Արսենը զանգել և մորն ասել է, որ ինքն ու Անդրանիկը վիրավորում են ստացել, ինքը Վարդենիս է գալիս, հետո՝ Երևան։ Ասաց, որ վիրավոր եղբորն ուղարկել է, բայց չգիտի՝ ո˚ւր է։ Սմերչի հարվածից եղբայրները վիրավորվել են․ Արսենը՝ նույն թևից, Անդրանիկը՝ ոտքից։

‹‹Երկուսն էլ վիրավորվել են։ Արսենը կապել է Անդոյի վիրավոր ոտքը, վիրավոր ընկերոջ ոտքն էլ է կապել, հետո շտապօգնության մեքենայով նրանց ճանապարհել է Ստեփանակերտ է, կարծելով՝ ճանապարհը բաց է››,-ասում է մայրը։

Սակայն Անդրանիկին տեղափոխող շտապօգնության մեքենան թշնամու հրետակոծության տակ է հայտնվել և Ստեփանակերտ չի հասել։ Թշնամին արդեն պաշարել էր Շուշին։

‹‹Արսենն անտառներով Ստեփանակերտ է հասել։ Ասում էր՝ զարմանում եմ, թե ինչպես եմ ողջ մնացել։ Նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց։ Որոշեցի Արցախ գնալ՝ Անդրանիկին փնտրելու։ Արսենն ասաց, որ ինձ թույլ չի տալիս Արցախ գնալ, ինքը որոշեց գնալ։ Մեկ օր մնաց հիվանդանոցում››,-ասում է մայրը։

Նոյեմբերի 10-ին Արսենն Արցախ է մեկնել, բայց Անդրանիկին չի գտել, վերադարձել է Հայաստան։ Հարազատներն Անդրանիկին երկար փնտրել են բոլոր հիվանդանոցներում։ Երբ Արսենը նոյեմբերի 13-ին նորից Արցախ է գնացել, Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանդիպել, պատմել է Անդրանիկի մասին։ Արսենին ասել են, որ եղբորը փնտրի Մարտունու կամ Սևանի դիահերձարաններում, քանի որ թշնամին պաշարել է Շուշին,  մեր շտապօգնության մեքենաները հրետակոծության են ենթարկվել, տղաներին էլ գլխից հարվածել են։ Արսենը Մարտունու դիահերձարանում չի գտել եղբորը։ Սևանի դիահերձարանում լուսանկարով ճանաչել են Անդրանիկին։

‹‹Հաջորդ օրը տուն եկավ, գիշերը գնացինք Գյումրի, որտեղ բերեցին Անդրանիկի մարմինը››,-ասում է մայրը։

Անդրանիկը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ Շուշիում։ Նրան հուղարկավորել են նոյեմբերի 14-ին՝ Գյումրու զինվորական պանթեոնում։ Կենդանության օրոք Անդրանիկ Խաչատրյանը ‹‹Ահաբեկչության դեմ պայքարի›› օլիմպիադայում պարգևատրվել է մեդալով։ ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 2-րդ աստիճանի մեդալով։ Եղբայրը՝ Արսեն Խաչատրյանը, ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով։

‹‹Անդրանիկս յուրահատուկ մարդ էր։ Միշտ ասում էի՝ Աստված ջան, ես ինչ երջանիկ մայր եմ, որ Անդրանիկ ունեմ։ Անընդհատ ուզում էր լավ բան անել ինձ համար, նվերներ ու ծաղիկներ էր բերում։ Կարելի է ասել՝ Արսենի համար հայր էր։ Արսենը շուտ ամուսնացավ, Անդրանիկն էր հոգում ընտանիքի հոգսերը։ Երազում էր Երևանում տուն գնել››,-ասում է մայրը։

Հիմա Երևանում տուն են գտել, որտեղ բացակայում է միայն Անդրանիկը։

 

Հասմիկ Հակոբյան

 

Անդրանիկ Խաչատրյան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին