Բարձրագույն կրթություն չունենալու պատճառով դպրոցից դուրս մնացած ուսուցիչների համար կազմակերպված արտահերթ ատեստավորմանը մասնակցել է ռուսերենի 23 մասնագետ: Նրանցից և ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ շեմը, որպեսզի կարողանա կրկին դպրոցում դասավադելու իրավունք ստանալ: Մանկավարժների կարծիքով` ԿԳՄՍՆ կողմից արտահերթ ատեստավորման կազմակերպումը զուտ ձևական բույթ ուներ` ցույց տալու, որ ուսուցիչներին հնարավորություն ընձեռվել է:
Ատեստավորմանը մասնակցած մասնագետներից մեկն էլ 52-ամյա Ռուզաննա Իբաշյանն է: Նա ունի մանկավարժի 33 տարվա փորձ, դասավանդել է Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Բայց իր մանկավարժական գործունեության մասին այլևս անցյալով է խոսում` այս տարվա փետրվարից դպրոցում այլևս չի դասավանդում, քանի որ ունի միջին մասնագիտական կրթություն` ավարտել է Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական քոլեջը (այժմ` Երևանի պետական հումանիտար քոլեջ):
«Ինձ համար մեծ ցավ է, որ այլևս անցյալով եմ ասում, որ ռուսերենի ուսուցչուհի եմ եղել: Մինչ օրս իմ 4-րդ դասարանցիները շարունակ գրում ու հարցնում են, թե երբ եմ դպրոց գնալու: Ես սիրել եմ իմ աշխատանքը, դպրոցն ու իմ աշակերտներն ինձ ուժ են տվել, որ կարողանամ հաղթահարել դժվարությունները, որոնց կյանքում դեմ եմ առել»,- «Անկախի» հետ զրույցում պատմում է Ռուզաննա Իբաշյանը` հավելելով, որ հույսը կտրել է, որ երբևէ կկարողանա նորից իր սիրելի աշխատանքով զբաղվել, այժմ այլ, ոչ մասնագիտական աշխատանք է փնտրում, քանի որ ապրուստը հոգալու խնդիր ունի:
Իբաշյանը պատմում է, որ դասավանդման տարիներին բազմիցս վերապատրաստումների է մասնակցել, մշտապես հաջողությամբ հաղթահարել է պարտադիր ատեստավորումները. «Հենց մի վերապատրաստում էր լինում, տնօրենս ուղղորդում էր, որ մասնակցեմ: Ասում էր` չի ուզում, որ իմ նման մանկավարժը հանկարծ որևէ խնդիր ուենա բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով: Նախորդ տարի էլ պարտադիր ատեստավորմանն եմ մասնակցել, հետազոտական աշխատանք եմ ներկայացրել և հավաքել պահանջվող 11 կրեդիտները»:
Խոսելով ուսուցիչների «կամավոր» ատեստավորման մասին` ասում է, որ առաջին անգամ մասնակցել է 2023-ին. տեխնիկական խնդրի պատճառով ուշ է քննասենյակ մտել, ատեստավորումը համընկել է ծնողի կորստի հետ: Արդյունքում չի հաղթահարել անցողիկ շեմը: Բայց նաև չի կոտրվել` վստահ լինելով, որ կարող է պարապել և նոր հնարավորության դեպքում ցանկալի արդյունքներ արձանագրել: Երբ տեղեկացել են, որ արտահերթ ատեստավորում է տեղի ունենալու, ռուսերենի ուսուցիչներով միասին առցանց խումբ են կազմել և ամեն օր պարապել: «Մեկ ամիս ամեն օր առավոտյան 9-ից մինչև 3-ը պարապել ենք` հիմք ընդունելով ուղեցույցը և նախորդ տարիների թեստերը: Բայց այս անգամվա թեստերը բոլորովին այլ էին, տարբերվում էին»,- ասում է Իբաշյանը: Շեշտում է` ինքը պարապել է մինչև 7-րդ դասարանը: Ուստի իր համար որոշակիորեն բարդ են եղել ավագ դպրոցի կրթական ծրագրին առնչվող հարցերը: «Հիմնական խնդիրը փնջային առաջադրանքներն էին, որտեղ, եթե առաջադրանքներից մեկը սխալ ես կատարում, ընդհանուրի համար միավոր չես վաստակում: Մյուս խնդիրը նոր չափորոշչի հիման վրա կազմված առաջադրանքներն էին, որտեղ կային եզրույթներ տնտեագիտությունից, աստվածաբանությունից և այլն: Մեր մարզում մենք դեռևս հին դասագրքերով ենք դասավանդում, նոր դասագրքերին և նոր կրթական ծրագրին ծանոթ չենք»,- ասում է Իբաշյանը: Նա վստահ է` եթե դասագրքերին նախապես ծանոթ լինեին, դասագրքերի նոր բառապաշարն էլ յուրացրած կլինեին, և խնդիր չէր առաջանա: Հարցին` նոր չափորոշչի ներդրումից առաջ չե՞ն վերապատրաստվել արդյոք, պատասխանում է` վերապատրաստվել են, բայց մեթոդական առումով, բովանդակային որևէ վերապատրաստում չեն անցել:
Իբաշյանի հավաստմամբ` ուսուցիչների վրա բացասաբար է անդրադարձել նաև քննական մթնոլորտը. 50-60 տարեկան մանկավարժները մի քանի ժամ ճանապարհ են անցել` քննակենտրոն` Երևանի թիվ 6 դպրոց հասնելու համար, որտեղ էլ անբավարար լուսավորությամբ և ցուրտ սենյակում 3 ժամ թեստ են լրացրել: «Տարիքով մարդիկ ենք, ամեն մեկը մի առողջական խնդիր ունի, և բարդ է այդքան ճանապարհ անցնելուց հետո միանգամից քննասենյակ մտնելը: Իսկ քննասենյակում էլ հսկիչները գոռում էին` չխոսեք, շշուկ չլսենք: 3 ժամվա ընթացքում 6 անգամ դպրոցական զանգն է հնչել. ամեն անգամ վեր էինք թռչում. սթրեսածին պայմաններ էին»,- ասում է Իբաշյանը:
Նա շեշտում է` թեստերում բազում սխալներ են եղել, որոնց պարզաբանման վրա ուսուցիչները բավականին շատ ժամանակ են վատնել: Իսկ ատեստավորումից հետո հարցերը վերլուծելիս էլ պարզել են` որոշ առաջադրանքներ նույնությամբ վերցված են ռուսական ЕГЭ-ի թեստերից:
Ռուսերենի մասնագետները խմբով դիմում բողոք են ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանին: Հույս ունեն մի դրական արձագանք ստանալ: Իսկ մինչ այդ Իբաշյանը և գործընկերները թեստերի բարելավման ուղղությամբ իրենց առաջարկներն են ներկայացնում:
«Այժմ 3 ժամում 70 առաջադրանք պետք է լուծել, ընդ որում կան առաջադրանքներ, որոնք 5 ենթահարց ունեն: Կամ պետք է առաջադրանքների քանակը նվազեցնել, կամ հատկացվող ժամանակն ավելացնել»,- ասում է Իբաշյանը` առաջարկելով փնջային առաջադրանքների պարագայում որոշակի միավորներ հատկացնել ճիշտ լուծած ենթահարցերի համար:
Մյուս առաջարկն է թեստերը կազմել դպրոցական ծրագրի հիման վրա կամ այլ բովանդակության պարագայում ուսուցիչներին ժամանակ և հնարավորություն տալ այդ նորն ուսումնասիրելու: «Ուսուցիչը պատրաստ է սովորել, նորը յուրացնել, պարզապես պետք է մի քիչ աջակցեն ուսուցչին: Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար»,- ասում է նա:
Իբաշյանը նաև մատնանշում է ատեստավորման բացասական կողմը. տարիներով վաստակած մասնագիտական համբավը, հարգանքը փոշիացվել է: Դա խնդիր է հատկապես գյուղական միջավայրում, որտեղ բոլորը բոլորին գիտեն և ասեկոսեներից խուսափել հնարավոր չէ: «Գյուղում մի քիչ ուրիշ է: Ամաչում եմ տնից դուրս գալ»,- ասում է նա:
Հարցին, թե ինչու դպրոցում աշխատանքին զուգահեռ բարձրագույն կրթություն չի ստացել, Իբաշյանը պատասխանում է` 3 երեխաներին է այդ ընթացքում բարձրագույն կրթության տվել, հետո ամուսնու մոտ են առողջական խնդիրներ առաջացել. ընտանեկան հոգսը թույլ չի տվել: Նաև շեշտում է` իր ամենաբարձր վարձատրությունը եղել է 76 հազար դրամ. նման գումարով հնարավոր չի եղել համատեղել ընտանեկան հոգսն ու իր բարձրագույն կրթությունը: Իբաշյանը նաև հավելում է` անգամ ԿԳՄՍՆ-ի մշակած միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների աջակցության ծրագրի պարագայում է բարձրագույն կրթությունը շարունակում անհասանելի մնալ: «Երևանում տների վարձակալությունն այնպիսի գների է հասել, որ գործազուրկ դարձած մանկավարժի համար բուհական կրթությունն անհասանելի է, անգամ եթե պետությունն ուսման վարձը հոգա»,- ասում է նա: