f

Անկախ

‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան


Սերգեյ Համբարձումյանն ինն ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Պատերազմի ժամանակ Սերգեյը ծանր վիրավորում է ստացել։ Բժիշկն ասել է, որ նրան չեն հասցնի փրկել, և Սերգեյին զոհված տղաների հետ են տեղափոխել։  Ճանապարհին Միշան Սերգեյին իջեցրել է և իր մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի  հոսպիտալ։ Վեց օր կոմայում մնալուց հետո Սերգեյն ուշքի է եկել։

Ջրականի անկումը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 05։00-ին, Ջրականի զորամասում տագնապ են տվել։ Ասել են՝ պատերազմ է սկսվելու, պատրաստ լինեն դրան։ Տղաները դիրքեր են բարձրացել և դիրքավորվել։ Մեկ ժամ հետո գնացել են քնելու, և քանի որ բլինդաժում տեղ չկար, Սերգեյն իջել է ճաշարան։

‹‹Ժամը 08։30-ին ինձ արթնացրեց իմ ընկերը։ Ես քնից արթնացա ու բղավեցի։  Ընկերս ասաց՝ սպասիր ու տես՝ կողքդ ինչ է կատարվում։ Երբ վեր թռա տեղից,  ականանետային արկն ընկավ մեր բլինդաժի մոտ, ու այդ ձայնից ես հասկացա, որ մի բան այն չէ։ Բայց անկեղծ տարօրինակ էր այդ զգացումը տագնապ չկար, շատ հանգիստ դուրս եկանք և վազեցինք մեր զրահաբաճկոնների հետևից։ Մեր դիրքից մյուս ընկերոջս տեսա, ինքը հետո զոհվել է։ Այնտեղ ուղղակի կանգնած էր՝ ոտաբոբիկ։  Հարցրի՝ ի˚նչ ես անում այստեղ, ո˚ւր են կոշիկներդ, ասաց, որ չի կարողանում գտնել։  Հետո գտավ ու դուրս եկավ այնտեղից››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է Սերգեյ Համբարձումյանը։

Այդ ժամանակ տղաները բարձրացել են իրենց կրակային դիրքեր։  Սերգեյը նշանառու էր և պատերազմի ժամանակ հասկացել է, որ իր մոտ դա լավ է ստացվում։ Պատմում է, որ կրակելու ընթացքում զենքը տաքացել է, որի պատճառով դուրս է թռչել, դիպչել պատին ու պայթել։ Այդ ընթացքում իրենք հասկացել են, որ անիմաստ է այդտեղ մնալ, քանի որ թշնամու թիրախ են հանդիսանալու, գնացել են կողքի դիրք, որպեսզի օգնեն տղաներին։ Թշնամին մեկ ժամում առաջին դիրքն իր վերահսկողության տակ է վերցրել։  Տղաներին կապ են տվել, որ իրենց դիրքերի վրա շարվեն ու սկսեն կրակել։

‹‹Այդտեղ հասկացանք,  որ ամեն ինչ շատ վատ է, որովհետև մեկ ժամվա ընթացքում մեր դիրքի վրա կրակելը մեկ նշանակություն ուներ այնտեղ այլևս ողջ մարդ չկար։ Սկսեցինք աշխատել երկու ժամ՝ 1000 արկից ավել։ Այնպես ստացվեց, որ մեզ հետնահանջի հրաման տրվեց, որ երկրորդ կրակային դիրք հասնենք։ Այդ դիրքն Ապրիլյան պատերազմից հետո էին տղաները կառուցել, որ անհրաժեշտության դեպքում ունենանք։ Գնացինք այնտեղ, բայց երկար չմնացինք, Արա լեռն անցնելով, հետ եկանք։ Այդ ժամանակ մեր կապիտանին կարողացանք փրկել։ Ինքը մեզնից առաջ էր կանգնած։ Թշնամին իրեն շրջափակման մեջ էր վերցրել։ Ալավերդյանը  շատ ուժեղ մարդ էր, որ հետո հերոսական մահով զոհվեց։ Եթե ինքը չլիներ, մենք երեք օր էլ չէինք դիմանա››,-ասում է Սերգեյը։

Կապի տղաները հրամանատարի հետ էին։ Երբ թշնամին մոտեցել է նրանց, Ալավերդյանն առաջ է գնացել,  կանգնել սարի գլխին, հեռադիտակով նայել։ Նա կապ է տվել մյուս հրամանատարին և ասել, որ իրենցից երեսուն մետր հեռավորության վրա կանգնած են թշնամու զրահապատ փոխադրող երկու մարտական մեքենա և երեք տանկ։

‹‹Երբ կապ տվեց, շատ ուրախացանք։ Կարծում էինք, որ ինքն արդեն զոհվել է։ Ավագ լեյտենանտը կապիտանին հարցրեց՝ էլի հետ պե˚տք է գնանք, Ալավերդյանն ասաց՝ ո′չ, մնում եք նույն տեղում և սկսում կրակել։  Ականանետը չէր կարող տանկ խոցել։ Ալավերդյանը հրետանու լավագույն մասնագետներից էր։ Նա աչքաչափով սկսեց նշանակետ տալ ինձ։  Նրա տված կոորդինատներով մենք արկը թշնամու տանկի լյուկի մեջ ենք գցել։ Շատ անհավանական էր, որ մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչպես ստացվեց։ Մենք կանգնեցրինք թշնամու տեխնիկան։ Անընդհատ հետ նահանջելով՝ հասանք մեր գլխավոր՝ նարինջ (հրամանատարական դիտակետ) կոչվող դիրքը։ Այնպես եղավ, որ  այնտեղ էլ շատ վտանգավոր էր։ Թշնամին երկու օրում գրավել էր մեր դիրքերը։ Շատ ենք պայքարել, բայց թշնամին տանկերով ու ամբողջ զորքով հասել էր մեր դիրքեր››,-ասում է Սերգեյը։

Սերգեյի խոսքով՝ իրենց հակահարձակման անցնելու հրաման են տվել։ Սերգեյը այդպես էլ չի հասկացել նշանառուներին առաջնագիծ ուղարկելու իմաստը։ Ոչ զենք ունեին, ոչ էլ՝ զինտեխնիկա։ Ասում է՝ կարծես գնում էինք զոհվելու։ Հրամանատարն ասել է՝ պիտի անեն։ Երեք կամազով առաջ են շարժվել։ Մի պահ նկատել են, որ իրենց դիմաց տանկեր են շարվել։ Ալավերդյանը  շատ հանգիստ էր։ Ասել է՝ եթե մեզ բան չեն ասել, ուրեմն սրանք մեր տանկերն են։  Սակայն ոչ մի տանկի վրա դրոշ չի եղել։ Երբ առաջ են գնացել, հասկացել են, որ թշնամու տանկերն են։ Թշնամին էլ կարծել է, որ նրանք կամիկաձեներ են, և հետ է գնացել։  Սերգեյն իրենց վարորդներին օդաչու է համարում․ մեքենան այնպես են վարել,  որ երկու ակով դուրս են եկել շրջափակումից։

‹‹Իմ մանկության ընկեր Դավիթին եմ տեսել։ Ինքը միայնակ դուրս է եկել տանկերի դեմ և երկու զենքով խոցել դրանք։ Ինքն էլ է զոհվել։ Մենք տուն զանգեցինք, ասացինք, որ ամեն ինչ լավ է, պատերազմի մասին լուրերը սուտ են։ Այնպես ստացվեց, որ մի քանի ժամ հետո մեզ ուղարկեցին արկերի հետևից։ Պիտի բեռնեինք կամազները, որ գնայինք կռիվ։ Մեկ տուփ լցնելուց հետո պարզվեց, որ այդ արկերը մերը չեն։ Երեք հոգով լցրել ենք ու հետ դատարկել։ Երբ հետ ենք գնացել, մեզ նորից ուղարկել են առաջնագիծ։ Եթե մեզ մի քիչ  օգնեին, մի քիչ զենք տային, թշնամին ոչ միայն հող չէր վերցնի, այլև շատ կորուստներ կկրեր։ Մենք շատ ուժեղ ենք կռվել։ 18 և 19 տարեկան տղաներն ուժեղ են կռվել››,-ասում է Սերգեյը։

Հանուն Արցախի

Տղաները ոտքով Ջրականից մինչև Հադրութ, հետո Մարտունի են գնացել։ Հադրութում նոր համազգեստ ու զենք են ստացել։ Հոկտեմբերի 6-ին Հադրութը ռմբակոծվում էր, բայց թշնամին մոտ չէր։ Տղաները երկրորդ անգամ շրջափակման մեջ են հայտնվել։ Իրենցից 100 մետր հեռավորության վրա թշնամին սկսել է կրակել։ Իրենք կարծել են՝ թշնամին իրենց դիմաց է կանգնած։ Չեն իմացել, որ շրջափակման մեջ են հայտնվել։ Երրորդ արկի հարվածից տղաներից երկուսը վիրավորում են ստացել, երրորդը զոհվել է։ Սերգեյն այդ ժամանակ խրամատում էր։ Ինքն էլ ոտքից թեթև վիրավորում է ստացել։ Այդպես մի կերպ կամրջի մոտ  է հասել և հանդիպել լրագրողներին։

‹‹Ես չէի ուզում հոսպիտալ գնալ։ Ուղղակի համակերպվել էի։ Կամրջի մոտ հանդիպել եմ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին։ Անկեղծ ասած՝ ինքը հերոսի պահվածք ուներ։ Իր հետևից եկած անվտանգության աշխատակիցներին հրել է, որ չմոտենան իրեն։ Ասաց՝ էս տղան Երևանից գա՝ ինձ համար կռվի,  որ ես իմ հողը թողնեմ ու փախչե˚մ։ Ինքը նրանց հետ չգնաց։ Բակո Սահակյանն անձամբ է ինձ մեքենա նստեցրել››,-ասում է Սերգեյը։

Երբ Սերգեյը հոսպիտալում ձեռքերը կորցրած և ծանր վիրավորում ստացած տղաներին է հանդիպել, չի կարողացել բժիշկներին մոտենալ և ասել, որ իր ոտքը վիրավոր է, և ջերմություն ունի։ Երկու օր շրջել է հիվանդանոցի տարածքում։ Բժիշկների զրույցից իմացել է իր ծառայակից ընկերոջ՝ Ռաֆոյի զոհվելու մասին։

‹‹Բժիշկներից մեկը մյուսին հարցրեց՝ Ռաֆոն ի˚նչ է ասել վերջում, պատասխանեց՝ շատ կուզեի մի քիչ էլ ապրել։ Դա մեծ հարված էր ինձ համար։ Այդ պահին ուզում էի փախչել հոսպիտալից››,-ասում է նա։

Սերգեյին ավտոբուսով Ստեփանակերտ են տեղափոխել։ Այնտեղ հանդիպել է ծառայակից ընկերներին։ Ստեփանակերտում հանգստանալուց հետո ոտքով Մարտունի են հասել։ Թշնամին բայրաքթարներով դպրոցին է հարվածել։ Այնտեղ պատսպարված տղաներից շատերը զոհվել են, ճաշարանում մնացել են 30-40 հոգով։ Հոկտեմբերի 30-ին Սերգեյը ծանր վիրավորում է ստացել։ Սխալ հրաման  է տրվել, որ նստեն մեքենաները։ Տղաներից Համլետը Սերգեյի ձեռքերում է մահացել։ Հետո Սերգեյը ոչինչ չի հիշում։ Իր կյանքը փրկող Միշան հետո պատմել է, որ առաջին արկից իրենց մեքենան պայթել է։ Երկրորդ արկից քսանյոթ զինվորներից քսանհինգը զոհվել է։ Սերգեյն ու իր ընկերը ծանր վիրավորում են ստացել։

‹‹Ես ու իմ ընկերները չգիտեինք, որ հողերը հանձնել են։ Մենք ուղղակի կռվում էինք։ Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ։ Ես հիմա մեդալ ունեմ, բայց մինչև այսօր չեմ հասկանում՝ ինչո˚ւ են տվել, որ ո˚ղջ եմ մնացել։ Ես մինչև հիմա վստահ եմ, որ այդ ամենը կարող էր այդպես չավարտվեր, եթե մի երկու հրաման այլ կերպ տրված լիներ, մի երկու դավաճան էլ քիչ լինեին››,-ասում է Սերգեյը։

Բժիշկը եկել ու տեսել է, թե ինչպես են տղաներն իրար վրա ընկած։ Դժվար էր հասկանալ՝ ով է ողջ, ով՝ ոչ։ Բժիշկը մեկ ակնթարթ նայել է ու ասել, որ բոլորը զոհվել են։ Հետո Միշան է եկել ու բոլորին հերթով ստուգել։ Այս ամենը հոգեբանական ծանր հետք է թողել Միշայի առողջության վրա։  Սերգեյի մոտ թույլ նշաններ են նկատվել։ Բժիշկն ասել է՝ չեն հասցնի նրան փրկել, զոհված տղաների հետ տեղափոխեն։ Ճանապարհին Միշան Սերգեյին իջեցրել է, իր մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի  հոսպիտալ։ Վեց օր կոմայում մնալուց հետո Սերգեյն ուշքի է եկել։ Հիմա 75 բեկոր ունի մարմնի մեջ, որից մեկը՝ գլխում։

‹‹Երանի՝ բոլորն ինձ պես լինեին, բայց հետ գային››,-ասում է Սերգեյը։

Նոր կյանք՝ պատերազմից հետո

Սերգեյը պատմում է, որ կնոջ՝ Սոնայի հետ ֆեյսբուքի միջոցով է ծանոթացել։ Սերգեյը Սոնայի ֆեյսբուքյան էջում տեսել է  պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի լուսանկարը, կարծել է՝ հերոսի քույրն է։ Պարզվել է, որ Մխիթարը Սոնայի մտերիմ ընկերն էր։ Սերգեյն անկեղծանում է՝ պատերազմից հետո  զոհված զինծառայողների հարազատներին էր գրում, փորձում կիսել նրանց ցավը։

‹‹Ինձ մոտ այնպիսի շրջան էր, որ ես չէի հավատում, որ սա իրականություն է։ Ես ապրում էի այն մտքով, որ դեռ կոմայում եմ ու վաղ թե ուշ դուրս եմ գալու։ Ես անտարբեր էի բոլորի հանդեպ, կոպիտ էի վերաբերվում բոլորին։ Ես ինձ մահացածի պես էի պահում մարդ, որ չկա իրականում, բայց իրեն բոլորը տեսնում են››,-ասում է նա։

Սերգեյը բուժօգնություն է ստանում Զինվորի տանը։ Սոնան Սերգեյին տեսնելու նպատակով հաճախ էր Զինվորի տուն այցելում։ Այդպես նրանք մտերմացել են։ Սերգեյը խոստովանում է՝ Սոնան է ամեն ինչի նախաձեռնողը։ Հետո Սոնան հայոց լեզու պարապելու համար Սերգեյի տուն է գնացել ։

‹‹Ինքը մեր տունը գտել է։ Մորաքույրս դուռը բացել է և ասել, որ ես քնած եմ, ու դուռը փակել Սոնայի դեմքին։ Հետո ես արթնացել եմ ու զանգել Սոնային, որ հետ գա։ Մի օր ակնոցներն է մոռացել մեր տանը, մյուս օրը՝ վզնոցը։ Ու այդպես պատճառներ է գտել ինձ հետ նորից հանդիպելու։ Այդպես մեր հարաբերություններն ուրիշ ընթացք ունեցան։ Եվ հիմա ես շատ երջանիկ եմ››,-ժպիտով ասում է Սերգեյը։

Հասմիկ Հակոբյան

 

Սերգեյ Համբարձումյան Հասմիկ Հակոբյան արցախյան պատերազմ դավաճանություն խմբագրի ընտրանի Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին