Բոլորովին վերջերս Անդրկովկասում «մեծ աշխարհաքաղաքական իրարանցում կամ մեծ փոթորիկ» կանխատեսեցին Քաթարի Al Jazeera և թուրքական Anadolu Ajansı գործակալությունները: Նրանք համարում էին, որ Հայաստանը, պարտություն կրելով երկրորդ ղարաբաղյան պատերազմում և ամեն ինչի համար մեղադրելով Ռուսաստանին, «կսկսի հեռանալ Մոսկվայից՝ աղմուկով գժտվելով նրա հետ, և կմերձենա ԱՄՆ-ին ու ԵՄ-ին»: Ավելին, ենթադրվում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները մոսկովյանից տեղափոխելով արևմտյան հարթակներ՝ «Երևանին կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել Բաքվի ու Անկարայի հետ հակառուսական հիմքով և դուրս մղել Ռուսաստանին այդ շրջանից»: Ընդ որում, շատ հայ և արևմտյան փորձագետներ փաստացի միահամուռ էին այն տեսակետով, որ Երևանը մի քանի նախնական քաղաքական նախերգանքներից հետո կդնի ՀԱՊԿ-ին մասնակցության հարցը, որը հետխորհրդային «դարաշրջանում» կարևորագույն կառույց է համարվում ռազմական անվտանգության ոլորտում:
Պարզվեց, որ Վրաստանից հետո ևս մի արևմտյան ազդեցության անկլավի հայտնվելն Անդրկովկասում անախորժ է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի համար, իսկ Երևանը կարող է աշխարհաքաղաքական իզգոյ դառնալ իր շրջապատում՝ «արևմտյան թիկունքի» կողմից պաշտպանվելու հույսեր փայփայելով: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը շարունակ հայտնվում են իրադարձությունների պոչին, չեն կարողանում հաշվարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր գործողությունները և նրա դիվանագիտական հնարամտության ունակությունները: Մասնակցելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին արևմտյան հարթակներում՝ նա ջրի երես հանեց հայկական արտաքին քաղաքականության մտադրություններն ու նպատակները և ճիշտ պահին սկսեց դնել իր շեշտերը՝ փոխելով հավասարակշռությունը տարածաշրջանում: Ավելի ստույգ՝ նա սկսեց թեքել այնտեղ աշխարհաքաղաքական մրցակցության ուղղությունները ոչ տարածաշրջանային խաղացողներին չեզոքացնելու կողմը, ինչն ակնհայտ դարձավ ԲԱՄ-ի հոբելյանի կապակցությամբ նրա Մոսկվա աշխատանքային այցից հետո:
Ալիևին հաջողվեց վերացնել գլխավոր կաշկանդող գործոնը Մոսկվայի հետ հարաբերություններում՝ հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Երկրորդ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում թերևս առաջին անգամ խոսք չեղավ Հայաստանի մասին և նշվեց Ռուսաստանի դերի գործոնը ոչ միայն «Կովկասում տարածաշրջանային անվտանգության առումով», այլև «ավելի լայն աշխարհագրությամբ»:
Երրորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրը սկսեց քննարկվել երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների, ինչը ներկայիս պայմաններում նշանակում է Արևմուտքի դուրսմղում բանակցային գործընթացից: Այժմ սահմանազատումների, հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի գործում Ադրբեջանը մտադիր է գործել ինքնուրույն և միայն Հայաստանի հետ շփվելով, որը, ամենայն հավանականությամբ, այդ ուղղությամբ մնում է առանց «արևմտյան թիկունքի»:
Չորրորդ՝ ինչպես որ ենթադրվում էր, դեպքերի նման ընթացքը քննադատության նոր ալիք հարուցեց Արևմուտքի կողմից Ադրբեջանի հասցեին: Ալիևը հայտարարեց, որ արևմտյան երկրները «փաստացի սառը պատերազմ են սկսել Ադրբեջանի դեմ»: Նրա խոսքով. «Մենք հայելային միջոցներ ենք ձեռնարկում և չենք անցնում կարմիր գծերը: Միակ հնարավոր ռիսկերը, որոնց մենք կարող ենք բախվել, կարող են բխել արտասահմանից: Մենք պետք է մեր դարպասները փակ պահենք նրանց համար, ովքեր խնդիրներ են ստեղծում, և բաց պահենք մեր հավատարիմ հյուրերի համար»:
Վերջապես, Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման անջատ բանակցություններ վարել՝ առանց Ադրբեջանի հետ նրա խաղաղության պայմանագրի»:
Այժմ դեպքերի հետագա ընթացքի կանխատեսվող սցենարը տարածաշրջանում, ինչպես կարծում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, երևում է որպես «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համալիր եռակողմ պայմանավորվածությունների լիակատար իրականացում, ներառյալ Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանազատումը»: Միաժամանակ Ռուսաստանի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Պուտինն ու Փաշինյանը «կարճաժամկետ հեռանկարում կարող են անձամբ քննարկել տարբեր հարցեր»: Դա հանգեցնում է այն մտքին, որ պատրաստվում է հայկական ղեկավարի այցը Մոսկվա: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստանը Հայաստանից սպասում է «հստակ արձագանք ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմա-քաղաքական պայմանավորվածությունների» մասին լուրերի հայտնվելուց հետո, և որ «Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները Բրյուսելում իրոք պարտադրել են Երևանին պլաններ, որոնք նախատեսում են ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով: Այդ իրադարձությունների խորապատկերում Մոսկվայում և Երևանում շատ հարցեր են կուտակվել, և կողմերին լուրջ խոսակցություն է սպասում չափազանց զգայուն հարցերի շուրջ:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ ИА REX