f

Անկախ

Արդյունքում տուժում է աշակերտը․ դպրոցում դասավանդելու իրավունքից զրկված 40 տարվա մանկավարժի ահազանգը


40 տարվա մանկավարժը զրկվել է դպրոցում դասավանդման իրավունքից միջին մասնագիտական կրթություն ունենալու պատճառով։ Նրա դասաժամերը պարապում են այլ մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժները։ 

Մարտի վերջին ԿԳՄՍՆ-ն կազմակերպել էր արտահերթ ատեստավորում դպրոցից դուրս մնացած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար։ ԿԳՄՍՆ հաղորդմամբ՝ արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել էին 323 ուսուցիչներ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել են ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ը ապահովել են 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89 տոկոս, 16-ը՝ 70-79 տոկոս, 32-ը՝ 60-69 տոկոս, 65-ը՝ 50-59 տոկոս և 134-ը (49 տոկոսը)՝ մինչև 50 տոկոս արդյունք:

«Տեխնոլոգիա»  առարկայից կամավոր ատեստավորմանը մասնակցել է 39 մանկավարժ։ Դրական միավորի շեմը որևէ մեկը չի հաղթահարել։ Այս առարկայի ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից մեկն էլ 59-ամյա Սուսան  Գինոսյանն է։ Նա 40 տարվա մանկավարժական փորձ ունի, մինչև 2024-ի հունվարը դասավանդել է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի դպրոցում։ Գինոսյանը հունվարից այլևս գործազուրկ է։ Ատեստավորման արդյունքում ապահովել է 47,5 տոկոս ցուցանիշ (նրանից բարձր ցուցանիշ ընդամենը 2 հոգի է ապահովել), ինչը նրան հնարավորություն չի տալիս վերականգնվել իր հաստիքում և շարունակել դասավանդել դպրոցում։ 

Գինոսյանը բողոքարկել է ատեստավորման արդյունքները և սպասում է ԿԳՄՍՆ արձագանքին։ Նա համոզված է՝ թեստերը միտումնավոր կերպով բարդ են կազմված եղել։ 

«Անկախի» հետ զրույցում Գինոսյանը պատմում է, որ նոր չափորոշչի ներդրման արդյունքում 2023-2024 ուսումնական տարվանից «Տեխնոլոգիա» առարկան աղջիկներն ու տղաներն այլևս միասին են ուսումնասիրում, մինչդեռ նախկինում խմբերի էին բաժանվում ըստ սեռի և առարկայի շրջանակներում տարբեր թեմաներ ուսումնասիրում։ «Այս առարկան միշտ խմբերով ենք պարապել։ Ես միշտ աղջիկների խմբում եմ պարապել։ Ուսումնարանում մեզ սովորեցրել են, օրինակ՝ ասեղնագործություն, կարպետագործություն, նաև ընդհանուր թեմաները՝ էլեկտրոնիկա, գրաֆիկա։ Բայց տղաների թեմաները մենք չենք ուսումնասիրել,- ասում է նա։- Խմբերը և ծրագիրը միավորելուց հետո մենք որևէ վերապատրաստում չենք անցել։ Հանպատրաստից, առանց որևէ ուղեցույցի  սկսել ենք դասավանդել նաև տղաներին»։ Գինոսյանը հավելում է, որ ամեն դասից առաջ մանրակրկտորեն ուսումնասիրում էր իր համար նոր թեմաները, ապա մատչելի կերպով մատուցում աշակերտներին։ 

Գինոսյանը շեշտում է, որ ատեստավորման հարցաշարում գերակշռող են եղել տղաներին առնչվող թեմաները։ «Մեր հիմնական դժգոհությունն այն է, որ հարցերի 70 տոկոսն առչվում էին տղաների թեմաներին։ Ընդ որում՝ ընդգրկված էին նաև հարցեր 7-րդ դասարանի ծրագրից, որը դուրս է եկել, այժմ 7-րդ դասարանում «Տեխնոլոգիա» այլևս չի դասավանդվում,- ասում է նա։- Այդ թեմաներն այլևս չեն անցնում, բայց  այդ հարցերն ու թեմաները ներառված են ատեստավորման հարցաշարում։ Նմանատիպ թեմաներից են  խառատային հաստոցների կազմությունը,  մետաղամշակման տեխնոլոգիան, պողպատի ջերմամշակումը, խառատապտուտակային հաստոցի ղեկավարումը, խառատային կտրիչները»։  Գինոսյանը վստահ է՝ եթե թեմաների համամասնությունն ապահովվեր, շատերը կկարողանային անցողիկ շեմը հաղթահարել։ «40 տարի առարկան դասավանդել եմ, մեր բաժնի  բոլոր թեմաներն անգիր գիտեմ։ Տղաների թեմաներն էլ սկսել ենք սովորել, մի քանի հարց էլ այդ թեմաներից ճիշտ կգրեինք, անցողիկ շեմը կհաղթահարեինք»,- ասում է նա։ 

«Ցավն այն է, որ իմ 40 տարվա փորձը բավարար չեն համարել և ինձ ազատել են աշխատանքից։ Բայց հիմա այդ դասաժամերը պարապում են այլ մասնագիտությունների ուսուցիչներ։  Ուրեմն ես այնքան չկա՞մ, որ ոչ մասնագետների չափ չե՞մ կարողանում պարապել»,- ասում է Գինոսյանը՝ հավելելով, որ այս առարկայի դասաժամերը քիչ են և բարձրագույն կրթությամբ մանկավարժն  այդ ժամաքանակի համար հեռավոր, բարձրլեռնային գյուղ դժվար թե հասնի։ 

Հարցին, թե ինչու ժամանակին բարձրագույն կրթություն չի ստացել,  չէ՞ որ գրեթե տասը տարի է, խոսվում է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին համակարգից դուրս թողնելու մասին, Գինոսյանը պատասխանում է․ «Ամեն մեկս ընտանիքի տեր ենք, մտածել ենք մեր երեխաներին ուսման տալու մասին»։ Նա շեշտում է՝ այդ տարիներին իր 4 երեխաներին է ուսման տվել։ «40-55 հազար, իսկ վերջին տարիներին 65 հազար դրամ աշխատավարձ եմ ստացել։ Այդ գումարով ինչպե՞ս կարող էի տարեկան մի քանի հարյուր հազար ուսման վարձ վճարել։ Բացի այդ, եթե ես բուհ դիմեի, ապա իմ 4 երեխաներին պետք է զրկեի մասնագիտական ուսուցման հնարավորությունից»,- ասում է  նա։ 

Գինոսյանը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկում է ուսուցիչներին հապշտապ աշխատանքից ազատելու փոխարեն մասնագիտական  վերապատրաստումներ իրականացնել միավորված ծրագրով, այնուհետև համապատասխան կահավորանքով և արհեստանոցներով զինել դպրոցները, հետո միայն ուսուցչից պահանջել։  

«Առաջարկությունս է  բոլոր ուսուցիչների անունից․  երեխաների կրթության իրավունքն առաջնային է, թողեք մասնագետը պարապի, դիպլոմը չի որոշիչը։ Ինչպե՞ս հասկանալ, որ 40 անգամ նույն թեման մատուցած մարդու գիտելիքներին կասկածում են, բայց դասը վստահում են ոչ մասնագետ ուսուցչին։ Արդյունքում տուժում է աշակերտը»։ 

 

կրթություն ատեստավորում մանկավարժ դպրոց խմբագրի ընտրանի

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին